Արցախում դատարկ են նաև մսի կետերը

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 2-ի դրությամբ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալը պատմել է, որ վիճակը հատկապես կրիտիկական է խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, որը ներմուծվում էր Հայաստանից։ Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում։
Այս օրերին արդեն շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում։ Փոխնախարարի խոսքով` կերերի պակասը կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց դրանք սահմանափակ են։
Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն նշեց, որ մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա քանակն անբավարար կարելի է համարել։