Հայաստանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է. ՀՀ–ում Իրանի դեսպան
Հայաստանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է։ Այս մասին Սյունիքի մարզ այցի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Դեսպանը պնդել է, որ Իրանը հարեւան բոլոր երկրների հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու քաղաքականություն է վարում։
«Հայաստանը մեր հարեւան և բարեկամ երկիրն է։ Իրանի դիրքորոշումը միշտ եղել է հարգել բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգային օրենքներին համապատասխան»,- վստահեցնում է Զոհուրին։
Երեւանի եւ Թեհրանի հարաբերությունները, Զոհուրիի խոսքով, զարգանում են բոլոր ուղղություններով։ Նա հույս հայտնեց, որ դա կշարունակվի։