7 երեխայի մայրն օգնության կարիք ունի. ապրում է նպաստի հույսին ու չի կարողանում երեխաներին դպրոց ուղարկել (տեսանյութ)
Արդեն 30 տարի Լուիզան ապրում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Փախստական է. Սումգայիթի կոտորածից ընտանիքի հետ փախչել ու Հայաստան է եկել: Հիշում է, թե ինչպես առաջին դասարան գնաց հենց այս գյուղում:
Ասում է, որ ամուսինը բանտարկված է, ինքն էլ միայնակ 7 երեխա է մեծացնում՝ առանց որևէ մեկի աջակցության: Ապրում է երկու սենյականոց տան մեջ, որն ավելի շատ նկուղ է հիշեցնում. պատերը փլուզված են, տանիքից անձրևաջուր է հորդում, իսկ բետոնե հատակն էլ ամբողջացնում է պատկերն ու տունը լցնում գորշությամբ:
Իր խնդրով դիմել է տարբեր պատկան մարմինների, սակայն այդպես էլ աջակցություն չի ստացել:
«Գոմ ունեմ, գյուղապետին դիմել եմ, խնդրել եմ, որ գոնե մի կով տա, պահեմ, ապրենք, բայց ասում ա՝ ձեր անունը չկա: Բա ե՞րբ կլինի, հազիվ ենք յոլա գնում. նպաստը ստանում ենք, միայն կարողանում ենք սնունդ գնել, իսկ հագուստի մասին երազել կարելի է»,- ասում է Լուիզան:
Նա անգամ երեխաներին չի կարողանում դպրոց ուղարկել, քանի որ չի կարողանում ապահովել անհրաժեշտ գրենական պիտույքներով ու հագուստով:
Այս պահին Լուիզան շատ մեծ ակնկալիքներ չունի, նա ընդամենը խնդրում է իրեն մեկ կով տալ և մեկ լվացքի մեքենա, որպեսզի կարողանա հասցնել իր 7 երեխայի շորերը ժամանակին լվանալ:
Լուիզայի ընտանիքի խնդիրների մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է նաև օգտատերերից Ստելլա Սարուխանյանը: Նա ընթերցողներին հորդորել է չմեղադրել Լուիզային այդքան շատ երեխաներ բերելու համար՝ հաշվի առնելով, որ նա չի կարողանում երեխաներին պահել, այլ պարզապես խնդրել է բոլորին հնարավորության սահմաններում օգնել տիկնոջը: Ստելլա Սարուխանյանն իր գրառման հետ միասին տեղադրել է նաև տեսանյութ:
Մանրամասները՝ տեսանյութում
․