Լեհաստանի արտգործնախարար չի բացառել ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությունը Ուկրաինայում ռազմական գործողություններին
Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն չի բացառում ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությունն Ուկրաինայում ռազմական գործողություններին, եթե այնտեղ միջուկային զենք օգտագործվի։ Այս մասին նա հայտարարել է RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Մինչ այժմ ոչ ոք չի դիտարկել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Նման իրավիճակում ՆԱՏՕ-ի երկրների արձագանքը հավանաբար նույնը կլիներ, ինչ ներկայացրել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջեյք Սալիվանը։ Դա կհանգեցնի Ուկրաինայի տարածքում ոչ միջուկային պատասխանի»,- ասել է Ռաուն։
Նա նաև հավելել է, որ չի բացառում ՆԱՏՕ-ի ուժերի ուղղակի մուտքն Ուկրաինայի տարածք։