Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավ-բացակայության արգելքը կալանավորմամբ փոխարինեու մասին դատախազի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Էրիկ Ալեքսանյանը:
Դատախազը պահանջում էր երեք ամսով կալանավորել Էրիկ Ալեքսանյանին՝ նշելով, թե փաստաբանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև՝ դիմել փախուստի՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ փաստաբանը բազմիցս բացակայել է երկրից և Ուկրաինայի քաղաքացի է, ունի կապեր նաև Ուկրաինայում։
Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։